Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են զրոյացնել ճանապարհային տուրքերը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ իրանական կողմի հետ իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի ճանապարհաշինարարական խոշոր նախագծի իրականացումը մեծ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա
«Ճանապարհի երթևեկության կրճատումը միայն նշված հատվածում թույլ կտա կոմպենսացնել 30 րոպե, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ զուտ տնտեսական հաշվարկների տեսանկյունից։ Երկկողմ և տարանցիկ երթևեկության բարելավման տեսակետից անշուշտ կարևոր է Հայաստանի և Իրանի միջև ճանապարհների վարձավճարների զրոյացմանն առնչվող պայմանավորվածությունը, հետևաբար մեր հանդիպումների ընթացքում կփորձենք քննարկել դետալներն ու հնարավորինս մոտեցնել այդ հարցով պայմանագրի ստորագրման ժամկետը։ Դրա կնքումը և ուժի մեջ մտնելն իսկապես անգնահատելի նշանակություն կունենա Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի առումով»
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 10 տոկոսով։ Անցյալ տարի այն կազմել է 717 միլիոն դոլար։ Ըստ նրա՝ վերոհիշյալ ճանապարհային նախագիծն էապես օգնելու է, որպեսզի երկուստեք բեռնափոխադրումները բարելավվեն, իսկ ճանապարհային տուրքերի վերացումը հայաստանյան արտահանողներին հնարավորություն կտա անհամեմատ ավելի հեշտացված հասանելիություն ունենալ Պարսից ծոցի երկրների և մերձավորարևելյան այլ պետությունների շուկաներին։ Տվյալ նախագիծը շահեկանորեն կկրճատի ճանապարհի տևողությունն ու ծախսը, հնարավորություն կընձեռնի էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղիները՝ ներառելով Հնդկաստանը, Չինաստանն ու Ինդոնեզիան, որոնք նույնպես շահագրգռված են տարանցիկ ճանապարհների անխափան շահագործմամբ։
«Անցյալ շաբաթ ունեցել եմ արդյունավետ հանդիպումներ ԱՄԷ-ում՝ Համաշխարհային ներդրումային ֆորումի շրջանակում, ինչպես նաև Չինաստանում իմ գործընկերների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մոտ ապագայում Հայաստանն իր տաղավարով կմասնակցի նաև Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, որի նպատակը նույնն է՝ խթանել Հայաստանի արտահանումը»,- տեղեկացրեց Քերոբյանը՝ հավելելով, որ Հյուսիս-Հարավի կառուցումն ավելի կամրապնդի և կընդլայնի Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը, առավել ևս, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը վերջնական փուլում է։ Նախարարի դիտարկմամբ՝ լինելով Իրանի միակ ցամաքային հարևանը ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանը կարող է օգտվել այդ հանգամանքից, եթե միջավայրն ու ենթակառուցվածքները լինեն բարձր մակարդակի վրա։
Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին իր հերթին նշեց, որ ԻՀՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է, և այդ համատեքստում Հայաստանի հետ միշտ եղել է փոխգործակցություն՝ խաղաղ համակեցության ու բարգավաճման հիմքի վրա։
«Մենք ամենալավ սահմանային հարաբերություններն ունենք հենց Հայաստանի հետ։ Առևտրային ակտիվ կապերի շնորհիվ երկուստեք ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի մեկ միլիարդ դոլարի։ Բարձրակարգ ճանապարհների կառուցման շնորհիվ կարող ենք հասնել նաև երեք միլիարդ ցուցանիշի։ Իրանական կողմը շահագրգռված է, որ հնարավորիս շուտ կառուցվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածը, որպեսզի մենք հասնենք մեր ընդհանուր նպատակների իրագործմանը։ Մեծ կարևորություն ենք տալիս նաև էներգետիկ և նանոտեխնոլոգիաների ոլորտներում առկա համագործակցության ընդլայնմանը։ Առհասարակ Հյուսիս-Հարավ մայրուղին մենք անվանում ենք խաղաղության ճանապարհ»,-նշեց Իրանի ԱԳ փոխնախարարը։